Moody's-ն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

16.10.2018 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ինեկոբանկ
Հոկտեմբերի 3-ին Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ։

Բանկում նշել են, որ Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է բանկի դիվերսիֆիկացված  վարկային պորտֆելի, ակտիվների բարձր որակը եւ հնարավոր կորուստների կանխարգելման կարողությունը, կապիտալի համարժեքության ցուցանիշը, կայուն ֆինանսավորումը եւ իրացվելիության բարձր մակարդակը: Միեւնույն ժամանակ, ըստ Moody’s-ի, կանխատեսելի ապագայում բանկի ակտիվների որակը, ընդհանուր առմամբ, կմնա կայուն, ինչին նպաստում է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը (վարկանիշ՝ B1, դրական), իսկ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում կգրանցվի տեղական արժույթի դիրքի կայուն պահպանում:

«Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարեւոր ցուցանիշներ։ Մասնավորապես, էական ազդեցություն է ունեցել Ինեկոբանկի բաժնետերերի կառուցվածքը, հատկապես այն հանգամանքը, որ բանկի սեփական կապիտալի ավելի քան 30%-ը վերահսկվում է այնպիսի անվանի միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ agRIF Cooperatief U.A հոլանդական ֆինանսական կազմակերպությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է ոչ միայն բանկի կայունությունը, այլեւ դրական զարգացման միտումները։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշին եւ հանդիսանում է մասնավոր կազմակերպության վարկանիշի  հնարավոր լավագույն ցուցանիշ։ Վարկանիշի հիմքում ընկած է, մասնավորապես, տնտեսական կայուն աճի սպասումներ (Moody's-ի կանխատեսումներով ՀՆԱ-ի աճը 2018 թվականին կկազմի 6%), ինչը ստեղծում է բարենպաստ գործարար պայմաններ նոր վարկային պրոդուկտների համար»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ինեկոբանկին շնորհված վարկանիշի մանրամասներին կարելի է ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 13261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW