Լիբանանցի գործարարների հետ Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։Այս մասին նշել են «Բիզնես Արմենիա»-ում, որի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Մասնավորապես, «Չեդիդ Կապիտալ» հոլդինգի ղեկավար Ֆարիդ Չեդիդը Հայաստանում ապահովագրական ընկերության մասնաճյուղ բացելու մտադրություն է հայտնել։ «Չեդիդ Կապիտալ» հոլդինգը մասնաճյուղեր ունի աշխարհի 5 երկրում։ Մեկ այլ հանդիպման արդյունքում «Մակիտեկ» ընկերության գործադիր տնօրեն Գարո Մաթոսյանը մտադրություն է հայտնել $250 հազ. ներդրումներով Հայաստանում պլաստմասե իրերի պատրաստման կաղապարների եւ արդյունաբերական մեքենաների բաղադրիչների արտադրություն հիմնել։ «Մակ Ագրոքեմիկալս» ընկերությունը քննարկում է Հայաստանում ընկերության մասնաճյուղը բացելու հարցը, որը զբաղվում է պարարտանյութերի եւ թունաքիմիկատների արտադրությամբ։ Մի շարք գործարարներ առաջիկայում կայցելեն մեր երկիր՝ տեղում գործ հիմնելու ծրագրեր ուսումնասիրելու։ «Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել լիբանանյան ներդրողների եւ գործընկեր կառույցների ղեկավարների հետ»,- ասված է հաղորդագրությունում: Սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ «Ամեն նոր գործարար առաքելության ժամանակ թարմացնում ենք նախկին բիզնես կապերը, բանավոր պայմանավորվածություններն ավելի գործնական փուլ ենք տեղափոխում եւ նոր ներդրումներ ներգրավում դեպի մեր երկիր»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։ «Լիբանանում մեր պատվիրակությունը Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Հարություն Գունտագճեանի, Լիբանանում Հայաստանի դեսպանության եւ դեսպան Սամվել Մկրտչյանի աջակցությամբ կազմակերպել է այցելություններ մի շարք գործարաններ, հանդիպումներ է ունեցել գործարար համայնքների հետ, արդյունքում հայ-լիբանանյան նոր համագործակցությունների սկիզբ ենք դրել»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։ Tweet Դիտում՝ 8233