Յունիբանկը եւ FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն $10 մլն-ի վարկավորում

26.09.2018 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #FMO
Յունիբանկը եւ FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակում կին ձեռներեցներին կտրամադրվի $10 մլն-ի վարկավորում:

Բանկում նշել են, որ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը երկու կազմակերպությունների միջեւ տեղի կունենա 2018թ. հոկտեմբերին Նիդեռլանդներում:  

«Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է: Ըստ վիճակագրական տվյալների՝ վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը եւ միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը եւ նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ եւ աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա  զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասել է  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բանկը կարեւորում է կին ձեռներեցների գործունեությունը:

«Ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալությունն եմ հայտնում նաեւ մեր գործընկեր Capital Locus ընկերությանը՝ միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- հավելել է Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է: Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից «Կանայք բիզնեսում» վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնպաստի նաեւ աշխատատեղերի ստեղծմանը եւ կխթանի կանանց ներգրավվածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ»,- նշել է FMO-ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:
Դիտում՝ 14856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW