Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Raiffeisen International-ի նախագահ Հերբերտ Ստեպիչը հաստատել է, որ բանկն ուսումնասիրում է Ռուսաստանում, Ղազախստանում եւ Հայաստանում ձեռքբերումներ կատարելու հնարավորությունները: Reuters-ը հաղորդում է, որ Raiffeisen International-ը 1.2 մլրդ եվրոյի նոր բաժնետոմսեր թողարկելու մտադրությունը բացատրել է Արեւելյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում գրավիչ ակտիվների ձեռք բերման նպատակով ազատ դրամական միջոցներ ստանալու ձգտումով: “Մենք ստացել ենք անհրաժեշտ պաշար, որը մեզ թույլ կտա արագ արձագանքել հնարավորությունների առաջացմանը շուկայում”,- ասել է Հերբերտ Ստեպիչը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակլաությունը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին Հերբերտ Ստեպիչն արդեն հայտարարել էր Raiffeisen International-ի` Ղազախստանում եւ Հայաստանում բանկեր ձեռք բերելու մտադրության մասին: “Երբ մենք արժանի նպատակներ ունենանք Ղազախստանում եւ Հայաստանում, հնարավոր է, որ ձեռք բերում իրականացնենք: Մեր համար կարեւորագույն պայման է երկրի քաղաքական իրավիճակը: Մենք ներկայացված կլինենք այնտեղ, որտեղ մեզ բարեհաճորեն կվերաբերվեն կառավարությունն ու նախագահը”,- ասել է Ստեպիչը: Raiffeisen-ը խոշորագույն արտասահմանյան վարկային հաստատությունն է Ռուսաստանում, որտեղ նրան են պատկանում միավորման գործընթացում գտնվող “Ռայֆֆայզենբանկ Ավստրիան” եւ “Իմպէքսբանկը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նշում է, որ “Իմպէքսբանկին” է պատկանում հայկական “Առեքսիմբանկի” բաժնետոմսերի 19.91%-ը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6268