Երեւանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը: ԵԿԳ-ում նշել են, որ խաղողի մթերման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 11-ին: Մեկնարկը կտրվի ձեռնարկության Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ): Այգավանի մասնաճյուղը (Արարատի մարզ) կմիանա գործընթացին սեպտեմբերի 12-ին: Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) Երեւանի կոնյակի գործարանը կմթերի սեպտեմբերի 17-ից: «Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի եւ որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը»,- ասված է հաղորդագրությունում:Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք եւս բացվել են կազմակերպության կողմից: «Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Ավելին՝ հավատարիմ մնալով «մեկ տարի – մեկ գին» մոտեցմանը, որը ենթադրում է միասնական գին մթերվող խաղողի բացարձակապես ողջ քանակի համար բոլոր երեք մասնաճյուղերում՝ կազմակերպությունը պատրաստ է կոմպենսացնել Տավուշի մարզի խաղողի շաքարայնության անբավարարությունը մթերվող խաղողի քանակով»,- նշել են ԵԿԳ-ում: Tweet Դիտում՝ 7178