Ամուլսարի հարակից համայնքների կանայք դիմել են ՄԻՊ-ին եւ ոստիկանությանը

20.08.2018 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #«Լիդիան Արմենիա»
Ամուլսարի հարակից համայնքների շուրջ 200 կանայք բաց նամակով դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Ոստիկանությանը եւ կանանց իրավունքների պաշտպանության հայաստանյան հասարակական կազմակերպություններին:

Նամակում ասված է.

«Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք, դիմում ենք համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին:

Ամուլսարի ծրագիրը այս համայնքներում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլեւ սահմանափակ հնարավորություններով մեր գյուղական համայնքներում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, մեր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերիս համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու եւ եղածը ընդլայնելու հնարավորություն է: Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերավորակավորում:

«Լիդիան»-ը Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանաց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ եւ մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի եւ զարգացման հնարավորություն: Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փոքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին եւ նրանց բարեկեցությանը:

Գրեթե երկու ամիս մի խումբ անձիք ապօրինի փակել են դեպի մեր աշխատավայր տանող ճանապարհը՝ զրկելով մեզ աշխատելու սահմանադրական իրավունքից: Պատկան մարմինները ապօրինությունը վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: Սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այլեւ արտագաղթի եւ աղքատության ֆոնին ամենախոցելի խմբի՝ կանանց իրավունքների ոտնահարում է:

Ավելին՝ հատկապես Ջերմուկում եւ Գնդեվազում այս մարդանց կողմից իրականացվում է մեզանից շատերի դեմ ագրեսիվ հարձակում: Հնչեցվում են սպառնալիքներ, իրականացվում է բացահայտ հետապնդում՝ կրիմինալ տարրերի եւ տարբեր շահերի ծառայող մարդկանց կողմից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ լիակատար անարխիայի պայմաններում մի խումբ մարդիկ անարգել սպառնում եւ ճնշումներ են գործադրում հարյուրավոր ազնիվ քաղաքացիների դեմ:

Թող որեւէ մեկը կասկած չունենա, որ մենք՝ աշխատելով «Լիդիան»-ում, բոլորից լավ ենք պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: Թող որեւէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգռված մեր ընտանիքների բարեկեցությամբ եւ բնապահպանությամբ: Տեղյակ լինելով բոլոր մանրամասներին՝ վստահ ենք, որ ճանապարհն ապօրինի փակող եւ մեզանից ոմանց հանդեպ ակնհայտ ահաբեկչություն իրականացնող այս անձանց շարժառիթները բնապահպանական չեն:

Կոչ ենք անում պատկան մարմիններին պաշտպանել մեզ այս ապօրինությունից եւ ակնկալում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հատուկ եւ ժամանակին ուշադրությունը: Կանայք ընտանիքի սյունն են, ապագա սերունդ դաստիարակողը, հաց վաստակողը, նվիրված աշխատողը: Մեր իրավունքների խախտումը կրկնակի հարված է մեր համայնքների ամրությանը եւ պետության կայացմանը»:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Դիտում՝ 1677
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW