OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ եւ որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Այս մասին ասել է ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը օգոստոսի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ կայացած հանդիպմանը: «Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձեւավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տեւական օգուտներ ապահովելու հեռանկար»,- ասել է OPIC-ի գործադիր փոխնախագահը: Արծվիկ Մինասյանն իր հերթին ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկանշել ներդրումային միջավայրի արդյունավետության համար կարեւորագույն երկու օրինագծերի ընդունումը պետություն-մասնավոր հատված գործակցության եւ օտարերկրյա ներդրումների պաշտպանության բնագավառներում։ Միաժամանակ, նախարարը կարեւորել է տնտեսական հարցերով իրավապաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը։ «Կա վճռականություն, եւ մոտ ապագայում իրականացվող օրենսդրական բարեփոխումները դրականորեն կանդրադառնան Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորմանը»,- նշել է նախարարը։ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է նաեւ վարչապետի հանձնարարությամբ, արտգործանախարարության հետ համատեղ, առեւտրային ներկայացուցիչների ինստիտուտն ուժեղացնելու աշխատանքների մասին։Ներկայում OPIC-ը Հայաստանում իրականացնում է 6 ծրագիր։ Կառույցն ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների իրականացումն ապահովում է համաֆինանսավորման, քաղաքական եւ այլ ռիսկերի ապահովագրման եւ վարկավորման միջոցով։ Tweet Դիտում՝ 1641