ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային եւ մաքսային արտոնություն տրամադրել երեք ընկերությունների:Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոք բերի» ընկերության ներմուծած տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն մաքսատուրքից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,6 մլրդ դրամի ներդրում, որի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «Արման ընդ պարտնյոր» ընկերությունը, որի ներմուծած ապրանքներն օգտագործվելու են սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում կիրականացվի $10 մլն ներդրում, կստեղծվի 100 աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլեւս» ընկերությանը տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը՝ կատարելով շուրջ 850 մլն դրամի ներդրում եւ ստեղծելով 90 նոր աշխատատեղ՝ 160 հազ. դրամ միջին աշխատավարձով:Կառավարության որոշմամբ «Բոնվառոն» ընկերությանը տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առեւտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է $1 մլն-ից հասցնել $5,1 մլն-ի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ $195 մլն ներդրումներ՝ ստեղծելով 102 նոր աշխատատեղ:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար հավանության է արժանացել ներդրումային 6 ծրագիր, ներդրումների ընդհանուր թիվը կազմել է $42 մլն, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը` 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609: Ըստ նախարարի՝ այս ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելու 4 ծրագիր. նախատեսվող ներդրումները գնահատվում են 5,26 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206: Tweet Դիտում՝ 1972