Երեւանում կպայքարեն փողոցային առեւտրի դեմ

08.08.2018 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
# փողոցային առեւտուր #Երեւան
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը այսօր ասել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առեւտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, եւ հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել՝ ապօրինությունները կանխարգելելու համար:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում Արեյանն ընդգծել է, որ կան առեւտրի համար առանձնացված վայրեր, եւ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առեւտուրը դրա համար չնախատեսված վայրերում: Առավել եւս, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի եւ այլ մթերքների բացօթյա վաճառքը:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնություն ցուցաբերել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին եւ վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ:

Կամո Արեյանը նաեւ առաջարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում եւ այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանզի դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Դրանց միջոցով տեղում որոշ տեսակի քաղցրավենիքների պատրաստումը եւ վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարն առաջարկել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կտրուկ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ:

Այսուհետ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների առեւտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում եւ պուրակներում ամենօրյա շրջայցներ են իրականացնելու:
Դիտում՝ 1973

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW