Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը

26.07.2018 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#լիզինգ #Ռոբերտ Մակարյան
Այսօր գյուղատնտեսության նախարարությունում հուշագրեր են ստորագրվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Նախարարությունում նշել են, որ հուշագրերը ստորագրել են ՀՀ  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը:


«Ծրագիրը բաց է թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրումը»,- ասել է Ռոբերտ Մակարյանը:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով (որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4%), մինչեւ 8 տարի մարման ժամկետով:

«Շահառուի կողմից կվճարվի 20% կանխավճար: Նաեւ ֆինանսական կազմակերպությունների հաշվին կիրականացվի լիզինգի առարկայի ապահովագրություն»,- նշել է Հրաչ Դարբինյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ծրագրին կարող են դիմել ինչպես իրավաբանական անձիք, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր:

«Ոլորտը բավականին ընդգրկուն է, առկա է սարքավորումների մեծ տեսականի»,- հավելել է Արսեն Բազիկյանը:

«Ծրագրում ընդգրկված կլինեն բոլոր սարքավորումները՝ սկսած ջերմոցներից, չորանոցներից, նաեւ սառնարաններ, վերամշակող ընկերությունների համար սարքավորումներ, անասնաբուծական սարքավորումներ, այսինքն՝ ողջ շղթան փակելու ենք: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի այս տարի շուրջ 4,3-ից 4,5 մլրդ դրամի կապիտալ ներդրում իրականացնել ագրոպարենային համակարգում»,- տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:

Ծրագրով հետաքրքրված անձիք վաղվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին:

«Գործընթացն իրականում արվում էր շահառուների կողմից, բայց նրանք օգտվում էին բանկային վարկերից, որոնց տոկոսադրույքներն անհամեմատ բարձր էին: Այս պահին արդեն պետությունը միջամտում եւ օգնում է շահառուներին»,- ասել է Վահե Հարությունյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, պայմաններ կստեղծվեն շահառուների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման եւ հետագա զարգացման համար, նաեւ կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը եւ կաճեն գյուղատնտեսական մթերքների եւ դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:

Հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ:

Ծրագիրը բաց է բոլոր կազմակերպությունների համար:
Դիտում՝ 2611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW