Արմեն Ավակ Ավակյան. Հայաստանը ներդրողների առջեւ 800-միլիոնանոց շուկա է բացում

26.07.2018 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Ավակ Ավակյան #«Բիզնես Արմենիա» #Emerging Europe
«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ասել է, որ Հայաստանը ներդրողների համար կարող է 800-միլիոնանոց շուկայի նկատմամբ հասանելիություն ապահովել:

Այս մասին Արմեն Ավակ Ավակյանն ասել է Emerging Europe կայքի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում:

«Սովորաբար ինձ տրվող առաջին հարցն այն է, թե որքանով է մեծ հայաստանյան շուկան: Դրան ի պատասխան ասում եմ, որ այն 800 մլն բնակչություն ունի: Իհարկե, իրականում Հայաստանում այդքան բնակիչ չկա, սակայն եթե ծանոթանաք ազատ առեւտրի մեր համաձայնագրերին, կտեսնեք, որ մենք ունենք անմաքս առեւտրի հասանելիություն դեպի 800 մլն-ին համարժեք շուկա: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ունենք GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, վերջերս էլ ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի համաձայնագիր է կնքել Իրանի հետ՝ դեպի այս երկիր արտահանման մաքսատուրքերը որոշ դեպքերում հասցնելով 0-ի»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:


Նրա խոսքով՝ Հայաստանը բարենպաստ վայր է ներդրումների համար նաեւ ՏՏ բնագավառում ունեցած ներուժի շնորհիվ. ոլորտը վերջին տարիներին բում է ապրում:

«Հայերն աշխարհին հայտնի են որպես ստեղծողներ, կերտողներ: Մենք ստեղծել ենք առաջին մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՏ) սարքը, դոլարի կանաչ գույնը, գունավոր հեռուստացույցը, ինքնաթիռում թթվածնային դիմակը: Հետեւաբար, եթե ցանկանում եք մուտք գործել R&D (հետազոտությունների եւ փորձարարական մշակումների) ոլորտ, Հայաստանը ճիշտ վայրն է դրա համար»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման գործում առկա խոչընդոտներին՝ Արմեն Ավակ Ավակյանը շեշտել է ճանաչման հետ կապված խնդիրները. Հայաստանը՝ Արմենիան, հաճախ շփոթում են Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, բացի այդ, բացակայում է Հայաստանի մասին բավարար տեղեկատվությունը հասանելի աղբյուրներում, օրինակ՝ ինտերնետում:

«Եթե Google որոնողական համակարգում փնտրեք «Հայաստան» բառը, առաջին 20 արդյունքները Ցեղասպանության մասին են: Ես ծնվել եւ մեծացել եմ ԱՄՆ Բոսթոն քաղաքում, եւ ինձ սովորեցրել են, որ լինել հայ՝ նշանակում է, առաջին հերթին, պայքարել Ցեղասպանության ճանաչման համար: Իսկ հիմա, երբ ինձ հարցնում են հայերի մասին, ես պատմում եմ նրանց, որ հայաստանյան դպրոցներում շախմատը պարտադիր առարկա է՝ այդպիսով ներկայացնելով իմ երկիրը: Անցյալի մասին խոսելու փոխարեն ես սկսել եմ խոսել ներկայի եւ ապագայի մասին»,- նշել է նա:
Դիտում՝ 8317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW