ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված «ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել»:«Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,- ասել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում օգտակար չեն եւ առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները: «Եթե մենք այս իրավիճակում որեւէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: Պետք է հասկանանք հետեւյալը՝ համաձա՞յն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ: Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն առաջարկել է պետության, բնապահպանների եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որը կքննարկի վերոնշյալ երկու հարցերը: Նա ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձեւավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված եւ ապացուցված պատասխանների վրա: Բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը: «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներն էլ նշել են, որ պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Քննարկումներից հետո վարչապետն ասել է, որ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը: Tweet Դիտում՝ 1416