«Տույժերի ներումը բանկերի համար առողջացման նշանակություն ունի»

03.07.2018 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տույժ #Արթուր Ջավադյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական եւ սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի եւ տուգանքների խնդիրը:  

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի: Հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչեւ 2018թ. հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազ. քաղաքացիներ:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաեւ վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձիք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին: Մոտ 100 հազ. մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունը, այսպես ասած, կզրոյացվի եւ նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի եւ տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում:

«Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա եւ՛ պետությանը, եւ՛ վարկառուին, եւ՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաեւ դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական եւ այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

Banks.am-ը հիշեցնում է, որ ֆիզանձանց դուրս գրված վարկերի տույժ-տուգանքների զիջման մասին այսօր հայտարարեցին մի շարք առեւտրային բանկեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաեւ վաշխառության դեպքերին:

Արթուր Ջավադյանը նշել է, որ նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում: Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձեւավորվի: Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետեւ նրանք առավել եւս չգիտեն, որ դրանք ապօրինի են: Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ժամանակ կարեւորվել է նաեւ ստվերի կրճատման եւ կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը:
Դիտում՝ 2469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW