Երեւան, 16 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ “վերջերս հաճախակի դարձած Երեւանի տարածքում կապուղիների վնասման դեպքերը խաթարում են հանրապետության ֆինանսա-բանկային համակարգի բնականոն գործունեությունը”: Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին ԿԲ մամլո ծառայությունում, “վնասվածքների պատճառով ընդհատվում է կապը Կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի գլխամասերի եւ նրանց մասնաճյուղերի միջեւ, ինչի արդյունքում ձգձգվում են բազմաթիվ վճարումներ”: Բացի այդ, նշել են ԿԲ մամլո ծառայությունում, անհարմարություններ են ստեղծվում բանկոմատներից եւ POS-տերմինալներից օգտվելու ժամանակ: “Կենտրոնական բանկը կապուղիների խափանման առիթով դիմել է համապատասխան մարմիններին և հայտնում է, որ հիշյալ խնդիրները կրում են կապուղիների հետ կապված տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն առնչվում բանկային համակարգի գործունեության հետ”, - ասված է հայտարարության մեջ: ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Հասմիկ Չութիլյանն ասել է, որ ընկերությունը դեռ նախորդ շաբաթ տեղեկացրել էր հանրությանը, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից Տիգրան Մեծ-Խանջյան, Վարդանանց-Խանջյան, Նալբանդյան-Ալեք Մանուկյան -Իսկահակյան փողոցների խաչմերուկներում կառուցվող անցումների շինարարության հետ կապված` “ԱրմենՏելը” նշված հատվածներում իրականացնում է մալուխների տեղափոխման աշխատանքներ, որի հետեւանքով ժամանակ առ ժամանակ, առավելագույնը մինչեւ երկու օր, կարող են անջատվել ֆիքսված հեռախոսակապի որոշ հեռախոսահամարներ: “ԱրմենՏելի” մամլո քարտուղարն ընդգծել է, որ որոշ առեւտրային բանկերի հայտերը, որոնք դիմել էին ընկերությանը այլընտրանքային կապուղիներ տրամադրելու խնդրանքով, ժամանակին բավարարվել են: “Կենտրոնական բանկի կողմից “ԱրմենՏելը” հայտեր չի ստացել՚,- հայտնել է Հասմիկ Չութիլյանը: Իր հերթին, “Յունիբանկն” այսօր հայտնել է, որ իր բոլոր բանկոմատների բնականոն աշխատանքը, որ դադարեցվել էր օգոստոսի 13-ին “ԱրմենՏելի” մալուխի վնասման պատճառով, կվերականգնվի օգոստոսի 16-ին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5637