ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպել է չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ:Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք վերաբերել են տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը եւ որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաեւ ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:Առանձնահատուկ կարեւորվել է նոր սորտերի ստեղծման եւ չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Արթուր Խաչատրյանն էլ կարեւորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը եւ նշել, որ այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:Նախարարը ներկաներին առաջարկել է համատեղ առանձնացնել բարձրացված բոլոր հարցերը եւ կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր: Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են նաեւ վերամշակող ճյուղի ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Լիզինգային նոր ծրագրի շրջանակում, տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում՝ չորանոցներում եւ սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում էլ տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչեւ 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է: Արդյունքում, վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%: Tweet Դիտում՝ 2068