«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը եւ Դոնորների հետ հարաբերությունների խմբի (արդեն նախկին) ղեկավար Արման Ուդումյանը Լոնդոնում՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխամասային գրասենյակում, մասնակցել են «Զարգացող Եվրոպա» միջոցառումների շարքին։«Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ ներդրումների խթանման հայաստանյան կառույցի ներկայացուցիչները Վեսթմինսթերյան պալատում մասնակցել են ՎԶԵԲ ընդունելությանը։ Միջոցառումների օրերին տարբեր երկրների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկվել գործակցության ծրագրեր։ Գործընկեր կառույցների հետ քննարկվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու գաղափարը։ «Սա եզակի հնարավորություն էր՝ մեկ վայրում հանդիպելու 22 գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որն այլ պարագայում կա՛մ անհնարին կլիներ, կա՛մ անհամեմատ մեծ ժամանակային ու ֆինանսական ռեսուրսներ կպահանջեր։ Լոնդոն էինք մեկնել հետաքրքիր գաղափարներով, վերադառնում ենք արդյունավետ գործակցության նախնական պայմանավորվածություններով»,- նշել է Բիզնես Արմենիայի Դոնորների հետ հարաբերությունների խմբի (նախկին) ղեկավար Արման Ուդումյանը։ ՎԶԵԲ գործարար հանդիպումների շրջանակում անցկացվել է «Զարգացող Եվրոպա» մրցանակաբաշխությունը, որտեղ «Բիզնես Արմենիա»-ն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 23 կառույցների շարքում առաջադրված է եղել «Ներդրումների խթանման տարվա ազգային մարմին» անվանակարգում։ Առաջադրումների համար հիմք են հանդիսացել 23 երկրների ներդրումների խթանման կառույցների գործունեության՝ ՎԶԵԲ հետազոտությունները։ «Հանդիպումներից բացի, կարեւորում ենք ՎԶԵԲ մրցանակաբաշխության մեթոդաբանությունը, որով կատարվել է ընտրությունը։ «Բիզնես Արմենիա»-ի կարողությունների հզորացմամբ, հաջորդ մրցանակաբաշխությանը, մեր կառույցը կհավակնի լինելու լավագույնը»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Tweet Դիտում՝ 6592