Սառցե գինուց մինչեւ մեղվաբուծություն. նոր բիզնես հեռանկարներ Տավուշում

12.06.2018 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տավուշ #այսվայն #մեղավապահություն
Դիլիջանում հունիսի 11-ին մեկնարկած «Գնորդ-վաճառող» խորագրով երկօրյա համաժողովը նոր հարթակ է օտարերկրյա ներդրողների եւ Տավուշի մարզի արտադրողների միջեւ կապերի հաստատման համար։ Այն նպատակ ունի ներդրումներ ներգրավել Տավուշի մարզում՝ ստեղծելով նոր եւ արդյունավետ բիզնես մոդելներ։

Banks.am-ի թղթակիցը ներկա է եղել համաժողովի բացմանը, զրուցել ներդրողների եւ արտադրողների հետ:
 
Ինչու Հայաստանը

Լիբանանցի գործարար, «Գարդենիա Գրեյն Դ´օր» ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որը Հայաստանում իրականացնում է ներդրումային ծրագիր, առանձնացնում է օտարերկրյա գործարարների համար Հայաստանում ներդրում կատարելու 10 պատճառ՝ հավելելով, որ իր համար կա եւս մեկ արժանիք՝ իր հայ կինն ու ընտանիքը.


«Առաջին հերթին, այստեղ շատ բարի մարդիկ են ապրում։ Ես սիրում եմ հայկական ազգային խառնվածքը։ Որոշ սփյուռքահայ գործարարներ ինձ խորհուրդ չտվեցին ներդրում կատարել Հայաստանում։ Նրանք գերադասում են Կանադան, Լոս Անջելեսը, իսկ ինձ համար Հայաստանն ավելի լավ վայր է ներդրումների համար»։


Լիբանանցի գործարարը կարծում է, որ Հայաստանը նպաստավոր է նաեւ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար, քանի որ այստեղ կա հող, ջուր, աշխատուժ եւ լավ թիմ՝ կրթված հայ մարդիկ։

Լիբանանից ժամանած մեկ այլ գործարար՝ Օմար Բասիրին էլ ասում է՝ չնայած Հայաստանում լինելու կարճ ժամանակահատվածին՝ երկրի տնտեսությունում մեծ ներուժ է տեսնում։

«Տնտեսությունն աճում է եւ առավելություններ ստեղծում արտադրության իրականացման համար։ Բացի այդ, Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է աշխարհի բոլոր շուկաներին արտադրանք մատակարարելու տեսանկյունից»,- ասում է Օմար Բասիրին՝ հավելելով, որ հույս ունեն համաժողովի արդյունքում հստակ կապեր հաստատել իրենց համար ամենամեծ հետաքրքրություն ներկայացրած արտադրողի հետ՝ ապագայում աշխատելու համար։


Նոր հնարավորություններ

Մասնակից շուրջ 10 փոքր ու միջին ձեռնարկատերեր համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցադրության ընթացքում հանդես են գալիս տաղավարներով եւ ներկայացնում իրենց արտադրանքը՝ մեղր, գինի, բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, պանրի, չրի տեսականի, դեղաբույսեր եւ այլն։

Աչաջուր գյուղի բնակիչ Անդրանիկ Ղալթախչյանը, որը զբաղվում է մեղվաբուծությամբ, հույս ունի համաժողովի արդյունքում ընդլայնել վաճառքի ծավալները։

«Ունենք շուրջ 400 փեթակ մեղվաընտանիք, տարեկան մինչեւ 5 տոննա մեղր ենք ստանում եւ իրացնում տեղական շուկայում։ Երբեմն նաեւ արտասահման ենք ուղարկում։ Համաժողովի ընթացքում կուզենայի նաեւ խոսել այն մասին, որ Հայաստանում այսօր մեղվաբուծությունը հետին պլան է մղվել։ Չկան լաբորատորիաներ մեղրի որակը ճշգրիտ ստուգելու համար։ Աշխարհում մեղրի որակի ստուգման այլ չափանիշներ են գործում։ Նաեւ մեղվաբույծների շահերը պաշտպանված չեն»,- նշում է Անդրանիկը։


Բիզնես գաղափարներ Տավուշի արտադրողներից

Համաժողովի մասնակից «Բերդավանի գինու գործարան»-ը զբաղվում է խաղողի ու պտղահատապտղային գինիների, կոնյակի եւ օղու, ինչպես նաեւ պահածոների արտադրությամբ։ Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ համաժողովին ներկայանում են երկու ծրագրով՝ ներդրումային եւ գրանտային։

«Ծրագրերից առաջինը ենթադրում է «այսվայն»-ի (ice wine)՝ սառեցված խաղողից գինու արտադրություն։ Կատարվում է խաղողի ուշ բերքահավաք՝ 7-10 աստիճան ցրտի պայմաններում, երբ բերքի վրա նստում է բնական ձյուն։ Նման պայմաններում հավաքված խաղողից հատուկ տեխնոլոգիայով պատրաստվում է գինի, որը միջազգային հանրության մեջ հայտնի է որպես ice wine, հայերեն թարգմանությամբ՝ «սառցե գինի»։ Շատ թանկարժեք գինի է, որի արտադրության համար մեր գործարանում կան համապատասխան պայմաններ»,- մանրամասնում է Գագիկ Աղաբաբյանը։


«Բերդավանի գինու գործարանի» երկրորդ բիզնես գաղափարը, որը կազմակերպիչների խորհրդով ներկայացվում է գրանտային ծրագրերի շարքում, վերաբերում է պտղահատապտղային օղիների պատրաստմանը եւ դրանց հետագա հնեցմանը։

«Երկրորդ ծրագիրը ներառում է գիտական նորույթ։ Առաջարկում ենք ստեղծել վակուումային թորման ունիվերսալ ապարատ, որի շնորհիվ պտղահատապտղային հումքից արոմատիկ նյութերը ստացվում են առավել չափով, ինչն էլ ներկայացնում է օղիների որակի առաջնային ցուցանիշը»,- պատմում է Գագիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ համաժողովից ակնկալում են ձեռք բերել նոր գործընկերներ եւ աջակիցներ։

Համաժողովն անցկացվում է «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում: Վերջինի ղեկավար, «Քմյունիթի սենթր ֆոր դեվելոփմենթ» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանի խոսքով՝ համաժողովի մասնակից որոշ ներդրողների հետ նախապես բանակցել են, նրանք ունեն հստակ ներդրումային ծրագրեր։ Որոշ ներդրողներ էլ եկել են պարզապես թեմայով հետաքրքրված, ունեն սեփական բիզնես գաղափարները, որոնք կիրականացվեն համայնքի՝ համապատասխան հնարավորություններ ունենալու պարագայում։

«Գնորդ-վաճառող» համաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է նաեւ «Բիզնես Արմենիա»-ն: Համաժողովի արդյունքում ակնկալվում է Տավուշի մարզում ապահովել մինչեւ 10 ներդրումային ծրագրերի մեկնարկ։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 4030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW