Արարատբանկը Cbonds-ի կողմից ճանաչվել է լավագույն ներդրումային բանկ

06.06.2018 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #Cbonds
Արարատբանկը Cbonds ընկերության կողմից անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսերի 15-րդ կոնգրեսի շրջանակում անցկացված մրցանակաբաշխությունում ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկը:

Cbonds ընկերությունը միջազգային հայտնի տեղեկատվական գործակալություն է, որը հիմնականում մասնագիտացված է ԱՊՀ եւ զարգացող երկրների ֆինանսական շուկաների ցուցանիշների գնահատմամբ։

Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Էդգար Էվոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ մրցանակին արժանացել են կապիտալի շուկայում ակտիվ գործունեության շնորհիվ։

«Նախորդ տարի ֆոնդային բորսայում մենք տեղաբաշխել ենք ավելի քան 6 մլրդ դրամի եւ 4,5 մլն դոլարի պարտատոմսեր այլ ընկերությունների համար, ընդ որում՝ մենք ներկայացրել ենք երեք նոր թողարկողներ մեր կապիտալի շուկայում եւ կիրառել ենք նոր գործիք՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր»,- ասել է բանկի ներկայացուցիչը։


Էդգար Էվոյանը հավելել է, որ վեց ընկերությունների թվով 14 թողարկումների դեպքում հանդես են եկել որպես շուկա ստեղծող։

Նրա խոսքով՝ այս մրցանակը, ինչպես նաեւ միջոցառման ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները հնարավորություն կտան բանկին հաճախորդների համար առավել բարենպաստ պայմաններով կապիտալ շուկաներից միջոցների ներգրավման, ինչպես նաեւ բանկի նոր ուղղությունների զարգացման համար։

«Դրանք միջազգային արժեթղթերով առեւտրի բրոքերային եւ ակտիվների կառավարման ծառայություններն են»,- ասել է նա։

Էդգար Էվոյանը տեղեկացրել է նաեւ, որ ներկայում քննարկում են արտերկրում Արարատբանկի կողմից եվրոբոնդեր թողարկելու հարցը։

«Կարծում եմ, եթե հաստատվի, ամենաշուտը հաջորդ տարվա վերջում մենք կկարողանանք սկսել գործընթացը, քանի որ նախապատրաստական մի շարք լուրջ քայլեր է պահանջում»,- ասել է Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավարը։
Դիտում՝ 2591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW