«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ «Շառոյան-Սարյան» ընկերությունը ներմուծողից դարձել է արտահանող՝ իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն ու համեմունքները մատակարարելով աշխարհի մի քանի շուկաներ։«Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ «Հալեպն» արտահանման առաջին պատվերը ստացել է 2017-ին՝ մասնակցելով Աստանայի «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին։ 2018թ. փետրվարին Ժնեւում կազմակերպված գործարար համաժողովի արդյունքում արտահանման պայմանագիր է կնքել ֆրանսիական գործընկեր կազմակերպության հետ, իսկ շվեյցարական գործընկերոջ հետ բանակցություններն ընթացքի մեջ են։ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի գրանցման գործակալությունում (FDA) գրանցվելուց եւ Արտոնյալ առեւտրային ռեժիմից (GSP) օգտվելու իրավունք ստանալուց հետո կանոնավոր արտահանումներ է սկսել դեպի Միացյալ Նահանգներ։«Ընկերությունը նաեւ գրանցվել է ԵՄ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակում այս տարվա հունվարից գործարկված՝ ապրանքների ծագման ինքնահավաստագրման (REX) էլեկտրոնային համակարգում, որին նույնպես աջակցել ենք եւ ակնկալում ենք, որ հաջողությամբ կօգտվի պարզեցված եղանակով մինչեւ 6000 եվրո արժողությամբ ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։«Շառոյան-Սարյան» ընկերության հիմնադիր տնօրեն Գեւորգ Սարյանն էլ կարեւորել է արտահանման հնարավորություն ստանալը եւ միջազգային շուկա դուրս գալը։ «Հիմա «Հալեպ» ապրանքանիշով Հայաստանում արտադրված փախլավա, լոխում, նուգա, արեւելյան այլ քաղցրավենիքներ, հայկական համեմունքներ ենք արտահանում արդեն 5 երկրներ, ինչը մեզ զարգանալու մեծ հնարավորություն է տալիս»,- նշել է նա: «Բիզնես Արմենիա»-ի Արտահանման աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Մկրտչյանն ընդգծել է՝ խանութների ցանցն ընդլայնվում է:««Հալեպ» խանութների ցանցը ներկայում խանութներ ունի Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, նախատեսվում է՝ Արցախում»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 9582