Երեւան, 2 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.75%: ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007թ. հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 3.2% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` 2.9 տոկոսային կետով ցածր լինելով տարեսկզբի նույն ցուցանիշից: ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումների չափավոր աճը շարունակվում է: Թեև հացահատիկի միջազգային գների վերջին ամիսների կտրուկ աճը հուլիսին որոշակիորեն դանդաղել է, հացահատիկի գների հետագա փոփոխությունների վերաբերյալ անորոշությունները կշարունակվեն մինչև ապագա բերքի մասին տեղեկատվության ստացվելը: Միաժամանակ, առաջին կիսամյակում ներքին միջավայրի ազդեցությունը գնաճի վրա մեղմ է արտահայտվել: Թեև գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային նվազումը հուլիսին վառ է դրսևորվել, այնուամենայնիվ, հարկաբյուջետային հատվածի ակնկալվող ընդլայնողական ազդեցությամբ և պահանջարկի բարձր աճի դրսևորմամբ պայմանավորված, դեռևս առկա են կանխատեսվող ժամանակահատվածում գնաճային ճնշումների ուժգնացման մտավախություններ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5911