Mobile ID-ի (mID) համակարգի փորձնական գործարկումը բջջային կապի օպերատորների հետ գրեթե 95%-ով ավարտված է։ Այս մասին ասել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը մայիսի 30-ին Երեւանում կայացած ֆինանսաբանկային, վճարահաշվարկային, վարկային եւ ապահովագրական ընկերությունների համար Mobile ID համակարգի շնորհանդեսի ընթացքում։ Համակարգի փորձնական գործարկումը Հայաստանում մեկնարկել է ապրիլի 6-ին: Այս ընթացքում այն հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի եւ էլեկտրոնային ծառայություն մատուցողներին:Արա Յաղջյանն ասել է, որ եթե ֆինանսական եւ ընդհանրապես մասնավոր սեկտորը սկսի օգտագործել ծառայությունը, ապա շատ մեծ թվով մարդիկ կդառնան Mobile ID օգտատեր: «Այսօրվա միջոցառման նպատակն էր մասնավոր սեկտորին, ի դեմս ֆինանսական ընկերությունների, բացատրել համակարգի առավելությունները, հասկանալ նրանց խնդիրները, լսել առաջարկություններ։ Ներկա էին նաեւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, որոնք համակարգի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունեին, որոնց փորձեցինք պատասխանել։ Նաեւ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համակցման պայմանագիր ստորագրեցինք։ Այդպիսով, այն դարձավ նման պայմանագիր կնքած առաջին մասնավոր կազմակերպությունը»,- նշել է Արա Յաղջյանը։«Նիկիտա Մոբայլ»-ի հիմնադիրը նաեւ տեղեկացրել է, որ Mobile ID համակարգի՝ ֆինանսական հատվածում ներդնելու հարցով բանակցություններ են վարում «Հայկական ծրագրեր» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնց լուծումները տեղադրված են մեկ տասնյակից ավելի բանկերում եւ վարկային կազմակերպություններում։ Mobile ID համակարգը ներդրվում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի եւ բջջային օպերատորների ջանքերով:Այն թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով անցնել նույնականացում եւ ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր՝ առանց հատուկ սարքավորումների եւ նույնականացման քարտի: Միայն բջջային կապն ու ակտիվացված mID ծառայությունը լիովին բավարար են օգտվելու ծառայությունից՝ անկախ ստորագրողի գտնվելու վայրից: Tweet Դիտում՝ 3063