2017թ. ընթացքում պահպանվել են ֆինանսական համակարգի կապիտալացվածության եւ իրացվելիության բարձր ցուցանիշները, արձանագրվել է նաեւ գործունեության ծավալային աճ, ապահովվել է շահութաբերություն։Այս մասին այսօր ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «2017թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը»։«2017թ. վերջին կապիտալի համարժեքության նորմատիվը գերազանցել է 18%-ը, այն դեպքում, երբ նվազագույն պահանջվողը 12% է, իսկ բազելյան սկզբունքներով պահանջվող նվազագույնը՝ 8%։ Իրացվելիությունը եւս գրեթե կրկնակի բարձր է, քան պահանջվող նվազագույն ցուցանիշը՝ ավելի քան 130% , իսկ ընթացիկ կամ արագ իրացվելիության ցուցանիշը գերազանցում է 30%-ը»,- հայտնել է նա։ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ ԿԲ նորմատիվային պահանջների փոփոխությամբ պայմանավորված՝ վերջին տարիներին բավական մեծ կապիտալի ներհոսք է եղել բանկային համակարգ, եւ «արդյունքում մենք ունենք բարձր կապիտալացված եւ կապիտալով հագեցված ֆինանսական համակարգ»։ Նրա խոսքով՝ «լավ ցուցանիշներ են արձանագրվել նաեւ դրամական փոխանցումների եւ ընդհանրապես ապրանքաշրջանառության մասով, ինչը դրական ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգում դրամական հոսքերի վրա»։ԿԲ ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախորդ տարի վարկավորման աճը գերազանցել է 8%-ը։«Այս պայմաններում էականորեն բարելավվել է ակտիվների որակը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առեւտրի, թե՛ սպառողական վարկերի ոլորտներում մենք ունենք էական բարելավում չաշխատող կամ վատորակ ակտիվների առումով, ինչը խոսում է բանկերում վատորակ ակտիվների պորտֆելի նվազման մասին»,- ընդգծել է նա։ Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ` Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների համատեքստում եղան ավանդային պայմանագրերի որոշակի խզումներ, հատկապես՝ փոքր ավանդների մասով, սակայն «այն, ինչ դուրս է եկել, ամբողջությամբ վերադարձել է համակարգ, եւ նույնիսկ աճ է արձանագրվել»։ «Սա խոսում է այն մասին, որ մեր բանկային համակարգը լավ կապիտալացված, վստահելի եւ անկախ է»,- նշել է ԿԲ ներկայացուցիչը։ Tweet Դիտում՝ 1462