ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մի շարք վարչական զանցանքների՝ տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Այդ զանցանքներն են՝- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս), - տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս), - տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հատվող երթեւեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս), - տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս), - գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս),- տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս),- տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս եւ խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները (կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ եւ այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս): Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրանսպորտում) (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս),- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասնպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս),- տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության գոտիները փոփոխելիս կամ մանեւր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս): Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթեւեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով (թմբեր): Ոստիկանությունը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները: Tweet Դիտում՝ 2795