ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին եւ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանին ու Մհեր Գրիգորյանին: «Մենք կարեւոր աշխատանք ունենք անելու եւ պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետեւ չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ եւ այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով՝ կառավարության գործունեությունը լինելու է հետեւյալ տրամաբանությամբ.«Պետք է արդյունավետ քայլեր իրականացնել եւ եթե որեւէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք, հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ եւ նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել»:Ըստ վարչապետի՝ ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարեւոր աղբյուրը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, իսկ բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարեւոր դերակատարները փոխվարչապետներն են, եւ ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված քաղաքացիներին անընդհատ հաշվետու լինելու հետ: «Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս կառավարությունը, Հայաստանի Հանրապետության համար լինելու են աննախադեպ: Ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում կառավարման համակարգում ունենալու ենք տրամաբանության լրջագույն փոփոխություն»,- իր հերթին ասել է Տիգրան Ավինյանը:Մհեր Գրիգորյանը եւս կարեւորել է միասնական աշխատանքը՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման: Tweet Դիտում՝ 9503