ԱԶԲ-ն $30 մլն-ի բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում

07.05.2018 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Ամերիաբանկ
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ Ամերիաբանկը կնքել են $30 մլն-ի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու եւ երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով:

Ամերիաբանկում նշել են, որ սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաեւ հաստատել է Ամերիաբանկին մինչեւ $30 մլն վարկի տրամադրումը:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այդպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը»,- Երեւանում պայմանագրի կնքման ժամանակ ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:

«Նշված նշանակալի գործարքի համար խթան է հանդիսացել Ամերիաբանկի դերը Հայաստանի տնտեսության եւ բանկային համակարգի զարգացման գործում, վերջին տասը տարիների ընթացքում բանկի գործունեության արդյունավետության մասին վկայող կայուն ցուցանիշները, ինչպես նաեւ հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ բանկի կողմից գործադրվող ակտիվ ջանքերը: Ամերիաբանկը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով գլխավորում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկը: Բանկը հանդիսանում է նաեւ Հայաստանի ամենախոշոր վարկատուն: 2018թ. առաջին եռամսյակի դրությամբ բանկի ակտիվները կազմել են $1,4 մլրդ»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք բարձր ենք գնահատում գործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախաձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաեւ մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը եւ նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին եւ հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը»,- ասել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

«Հայաստանում ֆինանսական միջոցների հասանելիությունը լուրջ խնդիր է, հատկապես ՓՄՁ-ների եւ միկրո ձեռնարկությունների համար՝ չնայած Հայաստանի տնտեսության մեջ դրանց զգալի դերակատարմանը: ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների գերակշիռ մասն են կազմում, մինչդեռ ՀՆԱ-ում եւ զբաղվածության ցուցանիշներում վերջիններիս տեսակարար կշիռը փոքր է (համապատասխանաբար 43% եւ 41,7%):

Հայաստանի բանկային համակարգի ամրապնդումը թույլ կտա մատչելի ֆինանսավորում ապահովել ՓՄՁ-ների համար եւ զարգացնել մասնավոր ֆինանսական ծառայությունները՝ ընդլայնելով ՓՄՁ-ներին սպասարկելու համար Ամերիաբանկի ֆինանսական հնարավորությունները: Մասնավորապես, նշված ծրագիրը թույլ կտա Ամերիաբանկին կայուն ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին՝ այսպիսով նպաստելով վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ ՀՀ տնտեսության աճին ու դիվերսիֆիկացմանը:

Ֆինանսավորման փաթեթի շրջանակում ԱԶԲ-ն նախատեսում է նաեւ Ամերիաբանկին տրամադրել տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ թվային բանկային տեխնոլոգիաների, ՏՏ համակարգերի եւ ռիսկերի կառավարման ոլորտներին աջակցելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 12980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai