Երեւան, 24 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են կառավարության մամլո ծառայությունում, Իգոր Ֆինոգենովը Հայաստանի վարչապետին ներկայացրել է ԵԶԲ-ի նպատակներն ու բանկի մեկամյա գործունեության արդյունքները: Նա նշել է, որ ԵԶԲ-ն մտադիր է նպաստել ԱՊՀ երկրների տնտեսական զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ազգային բանկային համակարգի ամրապնդմանն ու տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման առաջնային ուղղությունները, որոնք կարող են համագործակցության հիմք հանդիսանալ: Բացի տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներից, կառավարության ղեկավարը նաեւ նշել է լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, աջակցությունը պետություն եւ մասնավոր հատվածի համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել Հայաստանի նախարարությունների եւ գերատեսչությունների եւ ԵԶԲ ներկայացուցիչների խմբի ձեւավորմանը` համագործակցության եւ կոնկրետ առաջարկների հնարարավորությունների մանրամասն քննարկման համար: Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006 թ. հունվարին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6981