ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ընթացող զարգացումների առնչությամբ:Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: Նման իրավիճակների շարունակական դրսեւորումները կարող են բացասական հետեւանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: Ինչպես հայտնի է, վերջերս Fitch եւ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը եւ հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարեւոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների եւ փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն եւ ցածր ռիսկեր: Ցանկացած տեւական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդն արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»: Tweet Դիտում՝ 2000