Կոնվերս Բանկի եւ «Այբ» կրթական հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում՝ մայիսի 5-ին Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը:«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ամբողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու, մասնավորապես՝ քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաեւ աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման: Բանկի որդեգրած այս մոտեցումը, հատկապես, ընդգծված կլինի 2018թ. ընթացքում:«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանը եւ երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով»,- նշել է բանկի ղեկավարը:Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների 40 թիմ Երեւանից, Հայաստանի եւ Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է: «Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։ «Այբ» հիմնադրամի եւ Կոնվերս Բանկի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը եւ կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը»,- ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։«Այբ» կրթական հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում է 2010-ից: Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որի ընթացքում դպրոցականները լուծում են քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ եւ ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Tweet Դիտում՝ 7842