Հայաստանը Մոսկվայում մասնակցել է «БлокчейнРФ-2018» կոնգրեսին

06.04.2018 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բլոկչեյնի հայկական ասոցիացիա
Մարտի 27-28-ին Մոսկվայում կայացած միջազգային БлокчейнРФ-2018 կոնգրեսին Հայաստանը ներկայացել է Եվրասիական միության միասնական բլոկչեյն հարթակի ստեղծման եւ մի շարք այլ հեռանկարային առաջարկներով:

Բլոկչեյնի հայկական ասոցիացիայում նշել են, որ տարածաշրջանում մասշտաբներով ամենամեծ այս կոնգրեսին, որին մասնակցել է 2000-ից ավելի մասնագետ, ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրի բարենպաստ պայմանները եւ կնքվել են հուշագրեր Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ղազախստանի եւ այլ երկրների առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների հետ:

«Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաներով նախագծեր իրականացնելու հնարավորությունները գրավեցին կոնգրեսին մասնակից մի շարք խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների: Նրանք համաձայնություն հայտնեցին մասնակցելու ս.թ. հունիսին Երեւանում կայանալիք միջազգային բլոկչեյն կոնֆերանսին՝ կազմակերպված  Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից: Վերջինս առիթ կհանդիսանա միջազգային գործընկերների համար բարենպաստ գործարար միջավայրին եւ պայմաններին տեղում ծանոթանալու եւ նոր համագործակցություններ սկսելու համար»,- նշել է Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Վիգեն Առուշանյանը:

Երկօրյա կոնգրեսի շրջանակում քննարկվել են նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման մեթոդներն ու հեռանկարները թվային տնտեսության, օրենսդրական կարգավորումների, ներդրումային տնտեսության եւ անվտանգության բնագավառներում: Երեւանում կայանալիք միջազգային կոնֆերանսը կդառնա հաջորդ առիթը նոր քննարկումների, համագործակցությունների եւ լայնամասշտաբ նախաձեռնությունների իրագործման համար:

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ոչ առեւտրային նախաձեռնություն է՝ միտված օժանդակելու կազմակերպություններին, պետական եւ այլ մարմիններին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համահայկական ծրագրի ստեղծման եւ իրագործման համար:
Դիտում՝ 3487

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW