ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է մի քանի օր առաջ Երեւանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունին, որի հետեւանքով տուժել էր 8 մարդ։ «Դեպքը պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում՝ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը: Արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաեւ թերությունների հայտնաբերման ուղղությամբ։Խախտումների արձանագրման դեպքերում վարչապետը հանձնարարել է սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու համար, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով կներգրավեն նաեւ առողջապահական տեսչական մարմնին։Գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին էլ վարչապետն առաջարկել է սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ համագործակցելով ԱԻՆ ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման եւ վերացման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 2005