Երեւան, 20 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կասկադ Բանկում” այսօր հաստատել են “Կասկադ Բանկ Վրաստանի” վաճառքի մասին տեղեկությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Կասկադ Բանկում” հաստատել են վրացական ակտիվի վաճառքի մասին տեղեկությունը, նշելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ: Հուլիսի 19-ին վրացական ԶԼՄ-ները հայտնեցին, որ “Կասկադ Բանկ Վրաստանի” սեփականատեր է դարձել “Վրաստանի Բանկը”: Համաձայն Վրաստանի ազգային բանկի նախագահի “Առեւտրային բանկերի նվազագույն կապիտալի չափի որոշման մասին” հրամանագրի, 2007 թ. հուլիսի 1-ի դրությամբ երկրի առեւտրային բանկերի կապիտալը պետք է կազմեր նվազագույնը 12 մլն լարի: 18 վրացական բանկերից տվյալ նորմատիվը կատարել էին 17-ը: Բացառություն էր կազմել միայն “Կասկադ Բանկ Վրաստանը”, որի կապիտալը կազմել էր 10 321 193 լարի: 2006 թ. հունվարին “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը”, որը պատկանում է ԱՄՆ-ում հիմնված Գաֆեսչյաների ընտանիք հիմնադրամին, հայտարարել էր իր դուստր ընկերության` “Կասկադ բանկի” կողմից վրացական “Էմպորիկի Բանկի” ձեռք բերման մասին, որը վերանվանվել էր “Կասկադ Բանկ Վրաստան”: 2007 թ. հունիսի 1-ի դրությամբ “Կասկադ Բանկ Վրաստանի” ակտիվները կազմում էին 13.4 մլն լարի, եւ այդ ցուցանիշով բանկը զբաղեցնում էր նախավերջին տեղը Վրաստանի բանկային համակարգում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7771