Վաշինգտոնում մարտի 19-ին հանդիպել են ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկու երկրների միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (ԱՆՇՀ) 2018թ. խորհրդի նիստի շրջանակում: Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատում նշել են, որ միջկառավարական նիստի նպատակն էր քննարկել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների թե՛ ընդլայնման հնարավորությունները, թե՛ խոչընդոտների վերացման ուղիները:Քննարկման առանցքային թեմաներն էին առեւտրի տեխնիկական խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, մաքսային համակարգը եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: 05.03.2018 | 20:44 Մարտի 19-ին ԱՄՆ-ում կկայանա Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի նիստը Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը նախագահ Արա Հովսեփյանը ներկայացրել է հայկական գործարար համայնքի կողմից բարձրացրած միջոլորտային խնդիրները, ինչպիսիք են՝ «մրցակցության մասին» օրենքի անաչառ եւ արդար կիրառումը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, իրավական դաշտի կանխատեսելիությունը, ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության համագործակցության շրջանակում բարեփոխումների օրակարգը:Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը նաեւ ներկայացնել է գյուղատնտեսության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ դեղագործության եւ կենսատեխնոլոգիայի ոլորտներին առնչվող հարցերը: Արա Հովսեփյանը խրախուսել է երկու կառավարություններին համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ ընդգրկելով այն ՀՀ-ԱՄՆ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի աշխատանքային խմբերում:Արա Հովսեփյանը կարեւորել է նաեւ «հաշվետվողականության» մեխանիզմի ստեղծումը, որը հնարավորություն կտա գործարար համայնքին հետեւել բարձրաձայնված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին: «Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը, որպես երկրի առաջատար եւ դինամիկ գործարար ասոցիացաներից մեկը, պատրաստ է աջակցել պետական-մասնավոր հատվածների կառուցողական երկխոսությանը եւ ներկայացնել լուծումներ եւ առաջարկներ՝ ելնելով իր 120-ից ավել անդամ ընկերությունների փորձից եւ ներուժից»,- նշել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահը:Բիզնես-կառավարություն նիստը եզրափակել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, որը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի Հայաստանում 22 տարվա գործունեության ընթացքում հաջողության պատմության շարունակության հնարավորություններն ու մարտահրավերները: Լուսանկարը՝ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատ ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 7-ին եւ նպատակ է հետապնդում առեւտրի եւ ներդրումների ընդլայնումը:2015թ. անդրանիկ նիստից ի վեր սա կողմերի երկրորդ հանդիպումն էր, որը նախագահել են ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին ու ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Ամերիկյան կողմից նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ԱՄՆ պետքարտուղարությունից, գյուղատնտեսության, աշխատանքի ու առեւտրի դեպարտամենտներից, ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությունից, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչությունից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից: Հայկական կողմը ներկայացրել են բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԳՆ, աշխատանքի ու սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության նախարարություններից եւ Պետական եկամուտների կոմիտեից: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում նշել են, որ խորհրդի նիստից հետո ՀՀ պատվիրակությանը՝ ԱԳ ու տնտեսական զարգացման նախարարների տեղակալների գլխավորությամբ, հյուրընկալել է Տնտեսական ու առեւտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցում ել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄըքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Լուսանկարը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ առկա է առեւտրի ու ներդրումների ներկա ծավալները ընդլայնելու երկուստեք պատրաստակամություն: ՀՀ պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները, ինչպիսիք են տեղեկատվական տոխնոլոգիաները, վերականգնվող էներգիան եւ գինեգործությունը: Կողմերը նաեւ գոհունակությամբ նշել են Հայաստանի ապակենտրոնացված համագործակցությունը Կալիֆոռնիա նահանգի հետ, որտեղ Հայաստանը մտադիր է առաջիկայում բացել իր առաջին առեւտրային ներկայացուցչությունը ԱՄՆ-ում: Tweet Դիտում՝ 7062