Earlyone-ը Հայաստանում ստեղծված հերթերի կառավարման համակարգ է՝ բաղկացած ամպային տեխնոլոգիաների հիման վրա աշխատող երկու հիմնական բաղադրիչներից՝ անվճար մոբայլ հավելված եւ հերթերի կառավարման ծրագրային ապահովում: Վերջին մի քանի ամսում ստարտափն ընդլայնել է գործունեության սահմանները՝ դուրս գալով Բելառուսի եւ Վրաստանի շուկա: Banks.am-ին Earlyone-ում տեղեկացրել են, որ ներկայում հերթերի կառավարման համակարգը, Հայաստանից բացի, գործում է բելառուսական 8 եւ վրացական 5 քաղաքներում:Բելառուսական շուկայում Earlyone-ի ծառայությունները ներկայացնում է բելառուսական ISEC Systems ընկերությունը, որը մեծ փորձ ունի ֆինանսական գործիքներ ստեղծելու եւ տրամադրելու հարցում: Ինչ վերաբերում է վրացական շուկային, ապա ընկերությունն անմիջապես աշխատում է պատվիրատու կազմակերպությունների հետ:«Բելառուսում առաջին քայլերն իրականացրինք մեկ տարի առաջ, եւ 2017թ. սեպտեմբերին համակարգը ներդրվեց բելառուսական МТ Банк-ում: Դեկտեմբերին համակարգը տեղադրվեց բանկի 30 մասնաճյուղում՝ տեղակայված բելառուսական 8 քաղաքում: Այս պահին այն փորձարկվում է Բելառուսի մեկ այլ բանկում: Վրացական շուկայում եւս ծրագրային լուծումը ներկայացրինք 2017թ. սեպտեմբերին եւ արդեն դեկտեմբերին տեղադրեցինք վրացական Lendo.ge վարկային կազմակերպության 6 մասնաճյուղում՝ տեղակայված 5 քաղաքում»,- նշել են ստարտափում: Լուսանկարը՝ Earlyone Հայաստանից, Բելառուսից եւ Վրաստանից բացի, Earlyone-ը նախատեսում է համակարգը ներդնել Ռուսաստանում, Ղազախստանում եւ Մոլդովայում: Earlyone-ը հետաքրքրված հաճախորդներ ունի նաեւ Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ Մոնղոլիայում: Ինչ վերաբերում է հավելվածին, ապա այն ներկայում դեռ գործում է միայն Հայաստանում՝ ընդգրկելով 8 բանկ եւ 4 վարկային կազմակերպություն, 4 պետական հաստատություն, 3 ապահովագրական ընկերություն, 1 բջջային օպերատոր, 1 բժշկական հաստատություն եւ 1 էքսպրես բեռնափոխադրման ընկերություն։«Մոտ ապագայում պատրաստվում ենք մեր բոլոր հաճախորդ կազմակերպություններին առաջարկել թարմացված հետադարձ կապի համակարգը, որի միջոցով էլ ավելի կհեշտանա նրանց կողմից հաճախորդների հետ կապի պահպանումը եւ վերջիններիս կարծիքների հավաքագրումը»,- տեղեկացրել են ստարտափում: Earlyone-ը ստեղծվել է 2016թ. «Լայմ Տեխ» ընկերության 8-ամյա փորձի հիման վրա։ Հավելվածը (iOS եւ Android) ներկայում ունի ավելի քան 35 հազ. ներբեռնում, իսկ ամսական կտրվածքով դրա օգնությամբ ստեղծված կտրոնների քանակը գերազանցում է 50 հազ-ը։ Թիմը ներառում է 10 հոգի: Ստարտափը գրասենյակներ ունի Երեւանում եւ Գյումրիում: Tweet Դիտում՝ 6640