Աշխատանք փնտրողներին եւ գործարարներին «Սիրիահայերի միությունն» առաջարկում է ծանոթանալ իր նախագծերին եւ ծառայություններին GIZ-ի նոր ստեղծած www.syrarbi.am կայքում։2013-ից «Սիրահայերի միություն» ՀԿ-ն նպաստում է սիրիահայ ձեռնարկատերերի եւ գործարարների բիզնեսի զարգացմանը։ Կազմակերպությունն ունի մոտ 500 անդամ, մինչ օրս հասցրել են աջակցել ավելի քան 400 սիրիահայի։ Սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար կազմակերպությանը տարիներ շարունակ աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ Այժմ՝ ծրագրի ավարտից հետո, միությանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ Միությունն այսօր ներկայանում է երկու նոր ծրագրով՝ ԻնֆոՀաբ եւ Սիրիահայերի արդյունաբերական գոտի (ՍՀԱԳ), որոնց ստեղծման հարցում նույնպես աջակցել է GIZ-ը։ ԻնֆոՀաբ-ն անվճար է եւ տնտեսական հարցերի շուրջ առցանց տեղեկություն է տրամադրելու։ Այն գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ծրագրից կարող են օգտվել ոչ միայն սիրիահայերը, այլեւ տեղացիները։ Կազմակերպության հիմնադիրները վստահեցնում են՝ Հայաստանում բիզնեսի ստեղծման եւ զարգացման, ինչպես նաեւ զբաղվածության հետ կապված ցանկացած հարցի դեպքում կփորձեն կամ իրենք աջակցել ու կողմնորոշել, կամ էլ ուղղորդել համապատասխան կառույցի։ Ի տարբերություն ԻնֆոՀաբի՝ Սիրիահայերի արդյունաբերական գոտի ծրագիրը վճարովի ծառայությունների շարքից է։ Այն տրամադրում է մարքեթինգային եւ հաշվապահական խորհրդատվություն, ապահովում շահերի պաշտպանություն։ Ծրագրով տրամադրվելու են արտոնյալ բիզնես ծառայություններ, տարածքի վարձակալություն՝ ավելի մատչելի գներով։ Ծրագրի ղեկավար Տաթեւ Հովհաննիսյանի խոսքով՝ ծառայությունների անվճար եւ վճարովի անդամակցության մոտեցումը հիմնված է միջազգային փորձի վրա։ «Սիմվոլիկ անդամավճարների շրջանակում առաջարկվում են ծառայությունների մեծ փաթեթներ, որոնք որպես բիզնես ծառայություն գնելիս շատ ավելի թանկ կարող են լինել։ Մեր միությանն անդամակցելն ավելի հարմար է, քանի որ այդպես մարդիկ կարող են ռեսուրսներ եւ ժամանակ խնայել»,- նշում է նա։ Կազմակերպության հիմնադիրներից Ճորճ Պետուրեանը, սակայն, ասում է՝ իր բիզնեսի համար ամենակարեւոր խթանը ցուցադրություններն են եղել։ Իր շամպունների արտադրության հիմնական գովազդը եւ վաճառքը աջակցող ծրագրերի կազմակերպած ցուցադրությունների շնորհիվ է իրականացվել։ Քիմիկոս Ճորճը Հայաստան տեղափոխվելուց հետո իր բիզնեսն է սկսել է 2014-ին։ Սկզբում վարկ էր վերցրել, մեկ տարի անց` համագործակցել GIZ-ի հետ։ Պատմում է՝ մինչեւ հիմա էլ Հայաստանում բիզնես վարելն իսկապես դժվար է. «Նորություն մտցնելն այստեղ հեշտ չէ։ 5-6 տարի Սիրիայում արդեն զբաղվում էի կերատինի արտադրությամբ, այնտեղ արդեն նոր չէր, բայց, գալով Հայաստան, հասկացա՝ նորություն կլինի ու շարունակեցի։ Այսքան տարի հետո է նոր իմ արտադրությունը մտել շուկա։ Սկզբում պետք է լավ գովազդվեր, այդ ամենը ֆինանսի հետ է կապված, իսկ մենք այստեղ դատարկ ձեռքով էին հայտնվել»։ Երեք տարի շարունակ ցուցահանդեսներին մասնակցում էին նաեւ «Տիկնանց յանձնախբի» բոլոր անդամները։ Սկզբում դեռ խմբավորված չէին, միշտ անհատապես էին վաճառում իրենց արտադրանքը։ 2016-ի ամռանը «Սիրիահայերի միությունը» ընտրում է յոթ տիկնանց՝ որպես կանանց հանձնախմբի անդամ, իսկ հետագայում յուրաքանչյուրին միանում են 10 սիրիահայ վարպետներ։ «Տիկնանց յանձնախբում» 7 կանայք ներկայացնում են 7 տարբեր ոլորտ՝ ասեղնագործություն, արծաթագործություն, սնունդ եւ այլն: Խմբի պատասխանատուներից է Այտա Սանթուրեանը: Հալեպում 13 տարի հայերենի ուսուցչուհի է աշխատել, այստեղ սկսել է ասեղնագործությամբ զբաղվել։ Այտան իրենց տիկնանց գործունեությունը Հայաստանում շատ հաջողված է համարում. «Հիմա էլ աշխատում ենք ամբողջ սրտով, որպեսզի Սիրիայից նոր եկած մարդիկ կարողանան մեզ միանալ, ու մեր արտադրանքն ավելի զարգանա»։Ամալի Խաչատրյան Tweet Դիտում՝ 9638