Երեւան, 9 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում նոր արտասահմանյան դերակատարների սպասվող մուտքը Հայաստանի բանկային շուկա: “Արմսվիսբանկի” կառավարման եւ զարգացման դեպարտամենտի տնօրեն Կոնստանտին Սարոյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ “նոր, հատկապես բրենդային բանկերի մուտքը կսրի մրցակցությունը շուկայում, եւ դա ձեռնտու է սպառողներին եւ հասարակությանը”: Նրա խոսքերով, նոր դերակատարների մուտքը մեծ խնդիրներ կառաջացնի անձնակազմի կառավարման (HR) ոլորտում: “Նոր դերակատարներին անհրաժեշտ է որակյալ անձնակազմ հավաքագրել, եւ շուկայում արդեն լուրջ պայքար է սկսվել կադրերի համար”,- ասել է Կոնստանտին Սարոյանը: “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանն ողջունել է նոր արտասահմանյան բանկերի մուտքը Հայաստանի շուկա: “Մրցակցության աճը կբարձրացնի բանկային կուլտուրայի մակարդակն ու մատուցվող ծառայությունների որակը: Հետագայում մրցակցությունը կհանգեցնի մի քանի բանկերի միաձուլմանը”,- նշել նա: “ԻԹԲ” Միջազգային առեւտրային բանկում" նույնպես կարծում են, որ “կշարունակվի բանկային շուկայում մրցակցության աճի միտումն ու ակնհայտ կդառնա բանկերի միավորման անհրաժեշտությունը”: “Պրոմեթեյ բանկում” կարծում են, որ արտասահմանյան դերակատարների մուտքը բացասաբար կանրադառնա Հայաստանի բանկային համակարգում ձեւավորված բալանսի վրա, “քանի որ առեւտրական բանկերի մոտ կա դրամական միջոցների ավելցուկ”: “Առաջին հիփոթեքային ընկերություն” ունիվերսալ վարկային կազմակերությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասացին, որ նոր դերակատարների մուտքը դրական կազդի Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման վրա, քանի որ կուղեկցվի ներդրումների աճով եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6548