Երեւան, 6 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 29-ամյա Սեդրիկ Ռետայոն նշանակվել է միջազգային Pernod Ricard խմբի մեջ մտնող Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) նոր նախագահ եւ գլխավոր տնօրեն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուլիսի 5-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Սեդրիկ Ռետայոյին ներկայացրեց “Պերնո Ռիկար Արեւելյան Եվրոպա” ընկերության տնօրեն Ֆրանկ Բուավենը: Սեդրիկ Ռետայոն պահպանում է նաեւ վրացական GWS գինեգործական ընկերության տնօրենի իր պաշտոնը, որը զբաղեցնում է 2005 թ. մարտից: 2000-2005 թթ. Սեդրիկ Ռետայոն աշխատել է Հավանայում` Havana Club International-ում: ԵԿԳ նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Էրվե Կարոֆֆը նշանակվել է “Պերնո Ռիկար Արեւելյան Եվրոպա” ընկերության զարգացման եւ գործողությունների տնօրեն եւ պատասխանատու է լինելու “Արարատ”, GWS եւ “Ալտայ” օղու ապրանքատեսակների առաջխաղացման համար: Սեդրիկ Ռետայոն ասել է, որ իր առաջնային խնդիրն է համարում “Արարատ” ապրանքանիշի դիրքերի ամրապնդումն ավանդական շուկաներում` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, եւ մուտքը նոր շուկաներ: Ֆրանկ Բուավենը “Արարատն” անվանել է “ուժեղ ապրանքանիշ հետխորհրդային տարածաշրջանում” եւ նշել է, որ 2 տարի առաջ սկսված ԵԿԳ արտադրանքի պրեմիումիացումը լավ արդյունքներ է տվել: “Այն 9 տարիների ընթացքում, որ Pernod Ricard-ը տնօրինում է Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), մեզ համար ամենակարեւորը եղել եւ մնում է հայկական կոնյակի արտադրության լավագույն ավանդույթների պահպանումը”,- ասել է Ֆրանկ Բուավեը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8977