Երեւանում այսօր մեկնարկել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի երկօրյա աշխատաժողովը։Այն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր բնույթի հերթական հանդիպումներից մեկն է, որի նպատակն է քննարկել համապատասխան ոլորտներում առկա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Նիստը կարեւորվում է նրանով, որ հաջորդում է 2017թ. նոյեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրմանը։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը նշել է, որ հանդիպմանը քննարկելու են այն ծրագրերը, որոնք ուղղված են ԵՄ նորմերին համահունչ օրենսդրության ընդունմանը Հայաստանում։ «Հանդիպումը շատ գործնական կլինի։ Կփորձենք հասկանալ՝ ինչ եւ ինչպես պետք է անենք էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի եւ մի շարք այլ ոլորտների բարելավման համար»,- ասել է ԵՄ պաշտոնյան։ Նա գործողությունների հստակ ժամկետներ չի նշել, քանի որ համաձայնագիրը դեռ վավերացման փուլ պետք է անցնի։ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն էլ ասել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի էներգետիկ մասով ահռելի աշխատանք կա կատարելու։ «Այս հանդիպումը շատ կարեւոր է՝ հասկանալու համար մեր գործնական անելիքները։ Առաջնահերթություններից է՝ հասկանալ ինչպիսի տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ՝ առաջ շարժվելու համար»,- ասել է փոխնախարարը։ Tweet Դիտում՝ 1539