Զորիկ Ղարիբյանի բաց նամակը Էդուարդո Էռնեկյանին

30.01.2018 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդո Էռնեկյան #Զորիկ Ղարիբյան
2017 թվականի դեկտեմբերին Banks.am անդրադարձել էր Karas Wines եւ «Զորահ» բրենդերի միջեւ առաջացած խնդիրներին:

Banks.am-ը ստացել է «Զորահ» գինիների հիմնադիր Զորիկ Ղարիբյանի բաց նամակը
«Կարաս» գինիների հիմնադիր Էդուարդո Էռնեկյանին եւ ներկայացնում է այն ստորեւ: Պատրաստ ենք հրապարակել նաեւ Էդուարդո Էռնեկյանի կամ նրա ներկայացուցիչների դիրքորոշումը:

«Հարգելի պարոն Էռնեկյան,

Մենք երկուսս էլ սփյուռքահայ ենք, ովքեր ներդրումներ են կատարում Հայաստանի  գինեգործության հնագույն մշակույթը վերականգնելու համար՝ փորձ անելով ստեղծել պայծառ ու բարգավաճ ապագա մեր երիտասարդ երկրի՝ հաջողակ գինեգործությամբ զբաղվող սերունդների համար, ինչպես նաեւ փորձելով հասնել Հայաստանի՝ որպես խաղողի որթի ու գինու oրրաններից մեկի, իրավական ճանաչմանը միջազգային հարթակներում:

«Կարաս» գինիներն, անկասկած, այս ոլորտում ամենամեծ ներդրումներից մեկն են: Իրականում «Կարասը» Ձեր միակ ներդրումը չէ: Ձեր նվիրվածությունը նախնիների  հայրենիքի վերածննդի գործում ստիպել է Ձեզ ներդրումներ կատարել Հայաստանի ապագայի համար այնպիսի բազմաբնույթ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը,  բանկային համակարգը եւ ավիացիան: Ձեր ձեռնարկների համար վերջերս նախագահը Ձեզ պարգեւատրեց երկրի բարձրագույն պարգեւով՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումով, եւ հանձնեց «Հայրենիք» հեղինակավոր շքանշանը՝ երկրի «զարգացման եւ բարգավաճման» նպատակով Ձեր մատուցած ծառայությունների համար:

Եվ ուրեմն, տեղյա՞կ եք, պարոն Էռնեկյան, որ Ձեր հիմնադրած «Կարաս» ընկերությունը բոլորովին հակառակ դիրքորոշում ունի Հայաստանի գինեգործության ոլորտի «զարգացման եւ բարգավաճման» հարցում՝ աբսուրդ կերպով պահանջելով «կարաս» բառի ապրանքանիշային բացառիկ օգտագործում: «Կարասը» սրանով ցանկանում է բոլոր հայ գինեգործներին, ովքեր աշխատում են այդ տարաներով, արգելել պիտակի վրա օգտագործել այդ բառը ու ցանկանում է ամբողջապես իր սեփական շահի համար մենաշնորհ դարձնել այն, ինչը պատմականորեն Հայաստանի ամենահին եւ ավանդական գինեգործական տարան է:


Հավանաբար, արժե նշել, որ կարասի մեջ գինի պատրաստելու պատմությունն այնքան հին է, որ միախառնվում է ինքնին մարդկության պատմությանը: 6000 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում գինին հնեցվում էր կարասի մեջ, ինչպես վկայում է Արենի-1 քարանձավի հնագիտական վայրը: 3000 տարի առաջ մեր նախնիները՝ ուրարտացիները, գինին հնեցնում էին մեծ կարասների մեջ, ինչը վկայում է Կարմիր բլուրի հնագիտական վայրը:

Մեր միջնադարյան եկեղեցիների մառանները լիքն են կարասներով, որոնցում գինի էին պատրաստում ու հնեցնում: Խորհրդային դարաշրջանից առաջ ամբողջ գյուղեր էին նվիրված կարասի պատրաստման արվեստին՝ արհեստ, որը փոխանցվում էր սերնդեսերունդ: Կարասը խոր արմատներ եւ անմիջական կապ ունի Հայաստանի գինեգործության  պատմության հետ ու, անկասկած, Հայաստանի մշակութային ժառանգության մաս է:

Ահա թե ինչու բացարձակապես անհեթեթ է, որ մի ձեռնարկություն, որը ներգրավված չէ կարասներում գինու վերածննդի գործում եւ իր արտադրանքի գոնե մի կաթիլը չի հնեցնում այդ տարաների մեջ, պատանդ է պահում ամբողջ արտադրությունը՝ հավակնելով այդ բառի օգտագործման բացառիկ իրավունքին: Սա ոչ միայն կեղծ պատրանքներ է ստեղծում «Կարասի» սպառողների շրջանում, այլեւ հայ գինեգործների ներկա ու ապագա սերունդներին զրկում է իրենց շշերի պիտակների վրա օգտագործել բառը, որը ցույց է տալիս հայկական գինեգործության հնագույն եւ իսկական մեթոդը: «Կարասի» նման վարքագիծը բացարձակ անհարգալից վերաբերմունք է պատմությանն, ինչպես նաեւ կարճատեսություն եւ տիպիկ ձեռնարկատիրական ամբարտավանություն:

Վրացիները կարասին համարժեք իրենց քվեվրին բարձրացրել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակության ժառանգության կարգավիճակին: Պորտուգալացիները տեխնոլոգիա են մշակել՝ իրենց գինիները թալայում արտադրելու համար, մինչդեռ Իտալիայի պես երկրները մեծ ներդրումներ են կատարում՝ ամֆորաներում պատրաստված գինիները՝ հռոմեական ժամանակներից մնացած ժառանգությունը, վերակենդանացնելու համար:   

Զորիկ Ղարիբյանը

Մյուս կողմից՝ այսօրվա ու վաղվա հայ գինեգործները ստիպված կլինեն տեղական ու միջազգային հարթակներում խոսել հայկական գինեգործության 6000 տարվա պատմության մասին՝ օգտագործելով այնպիսի բառեր, ինչպիսիք են ամֆորան (amphorae), քվեվրին (qvevri) կամ թալան (thala), եւ բացատրել, որ մեր էնդեմիկ «կարաս» բառը վաճառվել է ամենաշատը վճարողին՝ հզոր ձեռնարկության, անձնական առաջխաղացման եւ ապրանքանիշի օգտագործման նպատակով:

Կարասն այս երկրի մշակութային ժառանգության մի մասն է եւ պատկանում է նրա բոլոր բնակիչներին, ուրեմն, ինչո՞ւ է «Կարասը» ցանկանում կրել անձնական բրենդի օգտագործման բացառիկ իրավունքը: Ի՞նչն է նման բան անելու իրավունք տալիս նրան: Արդյո՞ք պատճառը եսասիրական ձեռնարկատիրական մտածելակերպն է: Թե՞ «Կարասը» հավատում է ինչ-որ գերագույն իրավունքի, երբ ոչ ոք կամ ոչինչ չի կարող իր ցանկությունների դեմ պահանջ ներկայացնել:  

Սա անիմաստ մղում է: Հայաստանի գինեգործության զարգացումն ու բարգավաճումը կարող է տեղի ունենալ միայն միասնության, հեռատեսության, ընդհանուր համագործակցության եւ ամենակարեւորը՝ ժառանգության ճանաչման եւ հարգանքի դեպքում: Այն, ինչին «Կարասը» կհասնի այս եսակենտրոն գործողությամբ, կլինի միայն բաժանումն ու հակասությունը, որտեղ միակ մեծ տուժողը լինելու է հայկական գինեգործության ապագա զարգացումը:

«Կարասի» դիրքորոշումը պարզ է: Այն, ինչի մասին հարցնում եմ, Ձեր անձնական դիրքորոշումն է: Բաժանում եւ հակասությո՞ւն, թե՞ միասնության ուժ»:
Դիտում՝ 20082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW