ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսյան այցի շրջանակում այսօր հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ակցիոնա»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի եւ «Ակցիոնա Էներջի»-ի (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արեւային եւ հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն եւ ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլեւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։ «Ակցիոնա»-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի խոշոր ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման եւ ծառայությունների ոլորտներում:Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադրությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Tweet Դիտում՝ 2110