Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հունվարի 23-ին հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարեւոր դերակատարում ունենալ Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի եւ մեր տարածաշրջանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարեւոր է, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա, եւ մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը»,- նշել է Սինգապուրի փոխվարչապետը: Կարեն Կարապետյանն էլ ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարեւորվել է նաեւ կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը: «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի ազատ առեւտրի գոտու միջեւ: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առեւտրի ու ներդրումների աճին եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է վարչապետը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ կրկնակի հարկումը վերացնելու կարեւորությունը եւ նշվել, որ համապատասխան համաձայնագրի մշակումը վերջնական փուլում է: Թարման Շանմուգարատնամն ընդունել է Հայաստան այցելելու՝ Կարեն Կարապետյանի հրավերը:Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդիպել էր նաեւ Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի հետ, քննարկել երկու երկրների միջեւ առևտրատնտեսական կապերի զարգացման ու խորացման գործընթացները: Tweet Դիտում՝ 1667