«Ավելի լավ է չափել դպրոցական կրթության որակը, քան ՀՆԱ-ի աճը»

22.01.2018 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտուրո Բրիս #IMD Համաշխարհային մրցունակության կենտրոն
Եթե ցանկանում եք գնահատել այս կամ այն երկրի հաջողությունները, ավելի լավ է չափել դպրոցական կրթության համակարգի որակը, քան ՀՆԱ-ի աճը։

Այս մասին RBC հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է IMD Համաշխարհային մրցունակության կենտրոնի (IMD World Competitiveness Center) տնօրեն Արտուրո Բրիսը (Arturo Bris)։

«Վերջին տարիներին բազմիցս նկատել եմ, որ շատ երկրներ եւ, հատկապես, դրանց կառավարությունները դիտարկում են ՀՆԱ-ն որպես մրցունակության, արդյունավետության կամ անգամ կառավարման որակի ցուցիչ։ Ուրեմն, եթե դուք քաղաքական գործիչ եք, ապա ձեր նպատակն է ապահովել տնտեսության աճ։ Իսկ գիտե՞ք, թե վերջին 60 տարիներին որ երկիրն է եղել չեմպիոն աճի ցուցանիշով՝ այն առումով, որ երկրի ՀՆԱ-ն աճել է ամեն տարի՝ սկսած 1960-ից։ Դա Կոլումբիան է, որը ՀՆԱ-ի աճով համաշխարհային չեմպիոն է։ Բայց հազիվ թե կարելի է պնդել, որ Կոլումբիայի տնտեսությունը լավագույնն է աշխարհում»,- ասել է Արտուրո Բրիսը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ մի շատ կարեւոր բան. ՀՆԱ-ն արտադրական ցուցանիշ է, սակայն այն օգտակարության գնահատական չէ եւ չի հանդիսանում արժեքների աղբյուր։

«Աճը բարգավաճման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Աճի եւ բարգավաճման աղբյուրներն են կրթությունը, ենթակառուցվածքները, կանոնների լավ համակարգը, լավ ինստիտուտները։ Արդյունք է հանդիսանում այդ թվում ՀՆԱ-ի աճը։ Բայց առաջին հերթին պետք է նայել դրայվերներին, բարգավաճման աղբյուրներին, այլ ոչ թե արտադրական ցուցանիշներին։ Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք գնահատել այս կամ այն երկրի հաջողությունները՝ ավելի լավ է չափել դպրոցական կրթության համակարգի որակը, քան ՀՆԱ-ի աճը»,- ընդգծել է Արտուրո Բրիսը։

Նրա գնահատմամբ՝ ֆինանսական ճգնաժամից հետո շատ երկրների մրցունակությունն ու բարեկեցությունը գնալով աճում են։
 
«Համաշխարհային տնտեսության վիճակը լավանում է, մենք թեւակոխում ենք լավատեսության դարաշրջան։ Սակայն որոշ տարածաշրջաններ բախվում են լրջագույն խնդիրների։ Դա Լատինական Ամերիկան է, զարգացող երկրներն են (մասնավորապես՝ Աֆրիկայում), ինչպես նաեւ որոշ տնտեսություններ, որոնցում կարող են առաջանալ ֆինանսական լուրջ խնդիրներ։ Այս առումով նկատի ունեմ Չինաստանը եւ հարավարեւելյան որոշ երկրներ, որոնց պարտքային բեռը շատ մեծ է, ինչը ապագայում կարող է ճգնաժամերի պատճառ դառնալ»,- ասել է Արտուրո Բրիսը։
Դիտում՝ 6137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW