Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան 2017թ. կրկնակի ավելացել է՝ կազմելով 32 500 մեքենա. արդյունքում, ապահովվել է պետբյուջեի 23,5 մլրդ դրամի մուտք:Ինչպես նշել է ՊԵԿ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը, աճը հիմնականում պայմանավորված է եղել ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձեւակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ:Նրա խոսքով՝ 2016-ի նոյեմբերից ավտոմաքսատանը գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ համապատասխան աշխատակիցն ու մեքենայի սեփականատերը համակարգչով համատեղ դիտարկում, վերլուծում եւ մոնիթորինգի են ենթարկում ներմուծված ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: «Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով, եւ մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների շուրջ 65%-ը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին եւ գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը: Դյուրացվել է նաեւ գործարքի գնի մեթոդով թույլտվության կարգը. եթե նախկինում այս մեթոդով մաքսազերծելու թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ քաղաքացին միանգամից դիմում է մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարելով մաքսային ձեւակերպումները: Բաբկեն Ղազարյանի դիտարկմամբ՝ ավտոմեքենաների ներկրման այս աճը պայմանավորվել է նաեւ տնտեսության աշխուժացմամբ եւ բնակչության գնողունակության բարձրացմամբ: Սրա մասին վկայում է այն փաստը, որ ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: «Աճի մյուս հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Տարվա ընթացքում ներկրված ավտոմեքենաների 20%-ը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60%-ը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»,- ընդգծել է նա: Tweet Դիտում՝ 3919