Հայաստանի զարգացման հիմնադրամն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) այսօր մեկնարկել են «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» դրամաշնորհային ծրագիրը։ Ինչպես հայտնել են հիմնադրամում, ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ €332 հազ. եւ ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: «Օտարերկրյա ուղղակի ներդրումների աջակցության այս ծրագրի նպատակն է բիզնեսի շրջանում հետազոտությամբ բացահայտել ներդրումները խոչընդոտող ընթացակարգերն ու գործընթացները, որոնց կիրարկման հետագա պարզեցումը կբարելավի ներդրումային միջավայրը՝ ուժեղացնելով գործարար մրցակցությունը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում:Ծրագրի իրականացման 21 ամսվա ընթացքում կներդրվի էլեկտրոնային գործիք, որի միջոցով կդասակարգվի եւ կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) eRegulations գործիքն արդեն հաջողությամբ կիրառվում է աշխարհի շուրջ 30 երկրներում։ Հայաստանի զարգացման հիմնադրամում կներդրվի նաեւ հեռախոսային «Թեժ գիծ» ծառայություն։«Հիմնադրամի հետսպասարկման թիմը ներդրողների հետ ամենօրյա աշխատանքով աստիճանաբար բացահայտում եւ լուծումներ է տալիս պարբերաբար առաջացող խնդիրներին, սակայն այս գործիքի կիրառումն ավելի համակարգված եւ հասցեական կդարձնի մեր թիմի աջակցությունը ներդրողներին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Նախարարությունը նախաձեռնել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանը ներառելու գործընթացը։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն էլ ասել է, որ «ծրագիրը մեծապես կօգնի ավելի պարզ ու հասանելի դարձնել տեղեկատվությունը ներդրողի համար եւ այդ վարկանիշում կնպաստի Հայաստանի դիրքի ամրապնդմանը»:«eRegulations-ը հնարավորություն կտա օպտիմալացնել ընթացակարգերը, նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։ Այն նաեւ ամբողջությամբ կհամապատասխանի թվայնացման՝ Հայաստանի կառավարության օրակարգին, որին օժանդակում են Եվրամիությունը եւ մյուս գործընկերները»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը։Հիմնադրամում ընդգծել են, որ համատեղ ծրագիրը նպատակ ունի ներդրումային դաշտում նվազեցնելու կոռուպցիան եւ կամայական որոշումների կայացումը, պետությանը տրամադրելու գործիք՝ բիզնես ընթացակարգերը կառավարելու եւ դյուրացնելու համար: Tweet Դիտում՝ 3522