Ներդրումային ծրագրերը գեներացնող հարթակներ՝ նախարարություններում

01.12.2017 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ներդրումներ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ միջազգային բանկերի ներկայացուցիչները հետաքրքրված են մասնավոր հատվածում ներդրումների իրականացմամբ:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է տնտեսական բլոկի նախարարների հետ կառավարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Վարչապետը կարեւորել է միջազգային կառույցներից ռեսուրսների ներգրավումը դեպի մասնավոր հատված՝ նշելով, որ «յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է տվյալ բնագավառում ծրագրերի իրականացման շարժիչ ուժը՝ անկախ նրանից, տվյալ ծրագրի հեղինակը պետությունն է, թե մասնավոր հատվածը»:

Նրա խոսքով՝ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ ձեւավորվեն, որտեղ գեներացվելու են ներդրումային ծրագրերը, որից հետո դրանք պետք է ուղարկվեն Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը, իր հերթին, ներկայացնելու է այն համապատասխան կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Այդ առումով, վարչապետն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր գերատեսչությունում սահմանել պատասխանատուի, որը սկզբից մինչեւ վերջ կհետեւի կոնկրետ ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ գերատեսչությունների գործունեությունը գնահատող հայտանիշերի մշակմանը, որտեղ իրենց տեղը կգտնեն նաեւ ներդրումների ցուցանիշները:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հետեւողական քայլերի արդյունքում վերը նշված ուղղություններով կարձանագրվեն առարկայական հաջողություններ:
Դիտում՝ 3937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW