Հարկային օրենսգրքում շտկումներ կկատարվեն
23.11.2017 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչեւ Հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելն առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:
Նախագիծը շահաբաժինների մասով առաջարկում է.
- Հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով,
- Հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017թ. եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները,
- Հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018թ. եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները,
- Հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաեւ անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները:
Բացի այդ, նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի եւ այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման:
Առաջարկվում է նաեւ վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել, կապիտալ ծախս համարել նաեւ տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող եւ այն չպարունակող ծախսերը:
Բացի այդ, առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի հաշվին մարման հնարավորությունը որոշակիորեն նեղացնել՝ այն ուղղելով միայն միջին եւ ցածր եկամուտներ ունեցող խավին: Նախագծով այս հնարավորությունը չի գործի 55 մլն դրամ եւ ավելի արժողությամբ գործարքների, ինչպես նաեւ վարկառուի կամ համավարկառուի կողմից երկրորդ գույքը ձեռք բերելու դեպքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: