ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների եւ որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:«Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը եւ բարելավել սպասարկման որակը: Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ամբողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձեւավորման եւ որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: «Օպտիմ Արմենիա»-ի գրասենյակը 2-րդ խոշորն է աշխարհում: Ակնկալվում է, որ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում գործունեության ընդլայնումը հնարավորություն կտա գրասենյակին վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել եւ ծառայություններ մատուցել: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներեւ մշակողներ եւ որակի ապահովման մասնագետներ: Ներկայում շուրջ $1 000 000-ի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը եւ ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ: Tweet Դիտում՝ 3388