Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կրկին անփոփոխ

14.11.2017 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. հոկտեմբերին արձանագրվել է 0,8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1,2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0,7%-ից հոկտեմբերին հասել է 2,4%-ի»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռեւս ցածր է մնում մրգի եւ բանջարեղենի՝ սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա, եւ գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են գնաճային երեւույթները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն ակնկալում է արտաքին պահանջարկի վերականգնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:

 
Խորհուրդն արձանագրել է, որ 2017թ. անցած ինն ամիսների արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է՝ հիմնականում ի հաշիվ ծառայությունների ոլորտի բարձր աճի:

«Ներքին պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից արագ տեմպերով՝ պայմանավորված իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ եւ արտերկրից դրամական փոխանցումների աճի որոշակի վերականգնմամբ: Ներքին պահանջարկի վերականգնման մասին է վկայում նաեւ ներմուծման բարձր աճը եւ բնականոն գնաճի դրսեւորված վարքագիծը: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն աճում են փոքր ինչ ավելի արագ՝ ածանցվելով առանձին պարենային ապրանքների շուկաներում միջազգային գների եւ առաջարկի գործոնների հաշվին գրանցված գների աճից»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Չնայած ԿԲ խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի եւ գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռեւս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները:

Միեւնույն ժամանակ, խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

«Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- ընդգծել են ԿԲ-ում:
Դիտում՝ 5076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW