Դիլիջանում այսօր մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա ինովացիոն ֆորումն անցկացվում է «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Ֆորումը քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման հարթակ է կրթական, տեխնոլոգիական եւ գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների եւ շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաեւ կձեւավորեն հետագա գործողությունների պլան:Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումի գործընկերներ Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Այժմ Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակիցներն աշխատում են հետեւյալ առանցքային թեմաների շուրջ՝ - Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար, - Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում,- Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարության ռազմավարությունը,- Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները,- Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների կրթության ապագան:Այս տարի միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից եւ Ռումինիայից: Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: Tweet Դիտում՝ 2107