Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն ասել է, որ բանկի Վարչության կազմում կադրային փոփոխություններն ուղղված են բանկի հետագա զարգացմանը եւ ֆինանսական շուկայում դիրքերի ամրապնդմանը: Բանկի Խորհրդի 2017թ. նոյեմբերի 6-ի որոշման համաձայն՝ բանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը նշանակվել էր Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ մինչ այժմ Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Աթայանն ընդունել էր բանկի Խորհրդի առաջարկը՝ ստանձնելու Յունիբանկի Խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը եւ համակարգելու բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները: Բանկի բաժնետերերի տարեկան ժողովում Վարդան Աթայանի թեկնածությունը կներկայացվի բանկի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում հաստատմանը:«Ընդգրկվելով Խորհրդի կազմում՝ Վարդան Աթայանը հնարավորություն կունենա կենտրոնանալ բանկի ռազմավարական խնդիրների վրա եւ աշխատել բանկի գործունեության արդյունավետության եւ շահութաբերության բարձրացման ուղղությամբ: Վարչության նախագահի պաշտոնում Վարդան Աթայանի գործունեության 16 տարվա արդյունքում բանկում կատարվել է հսկայական աշխատանք: Մեզ հաջողվել է ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ եւ գրանցել տպավորիչ արդյունքներ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ոլորտներում: Յունիբանկը Հայաստանում դարձավ առաջին բանկը, որն անցկացրեց IPO, իր բաժնետոմսերը ցուցակեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում եւ բաժնետերերին վճարեց շահութաբաժիններ՝ 12,9% տարեկան եկամտաբերությամբ: Վստահ եմ, որ Խորհրդի կազմում Վարդան Աթայանի եւ որպես Վարչության նախագահ՝ Մեսրոպ Հակոբյանի հետ մեր համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը հետագայում եւս կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը»,- ասել է Գագիկ Զաքարյանը:Բանկում ընդգծել են, որ Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: Նրա պատասխանատվության շրջանակում են եղել մասնաճյուղային ցանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը, օպերացիոն գործունեությունը, քարտային բիզնեսը, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաները: Գագիկ Զաքարյանն ընդգծել է, որ «բանկը հավատարիմ է մնում ղեկավարության կազմում սերնդափոխության սկզբունքներին եւ ձգտում է ստեղծել առաջխաղացման բոլոր անհրաժեշտ պայմաններն այն երիտասարդ մասնագետների համար, որոնք պատրաստ են եւ կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն»: «Նշանակման ժամանակ հաշվի ենք առել Մեսրոպ Հակոբյանի աշխատանքի փորձը, արդյունավետությունը եւ գործարար որակները: Այս որոշումը կայացրել ենք նաեւ` ելնելով բանկի հետագա ռազմավարական ծրագրից, որն ուղղված է բանկի տեխնոլոգիական հագեցվածության բարձրացմանը եւ ինովացիոն լուծումների ներդրմանը»,- ընդգծել է Գագիկ Զաքարյանը: Tweet Դիտում՝ 16369