Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետեւանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում: Այս մասին Իմադ Խամիսն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որը հոկտեմբերի 29-31-ը Սիրիայում էր:Սիրիայի վարչապետն ընդգծել է, որ Դամասկոսը երախտապարտ է սիրիական ճգնաժամի հարցում բարեկամ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումների համար: Սուրեն Կարայանն էլ վստահություն է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի ճգնաժամի պատճառով որոշակի հետնահանջ ապրած հայ-սիրիական երկկողմ համագործակցությանը՝ հիմք հանդիսանալով հետագա համատեղ արդյունավետ աշխատանքների նախագծման եւ իրականացման համար: Նախարարը նշել է, որ Հայաստանի փորձառությունն ու ներուժը կարող են օգտակար լինել սիրիական կողմին՝ ավերածության ենթարկված տնտեսության տարբեր բնագավառների վերականգնման հարցերում, եւ որ Հայաստանը պատրաստ է տրամադրել նման աջակցություն բարեկամ Սիրիային: Սուրեն Կարայանը հավելել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ սիրիական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու համար:Նախարարը վստահեցրել է նաեւ, որ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է սիրիական կողմին տրամադրել բարձրորակ մասնագետներ՝ նախագծման, շինարարության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Իմադ Խամիսն ընդգծել է, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական ապրանքներն իր շուկայում՝ վստահեցնելով, որ հայ արտադրողները կօգտվեն լայն արտոնություններից: Tweet Դիտում՝ 2120